Թեմա՝ Dark Web’s Influence on Online Behavior and Crime

Հեղինակ՝ Ինեսսա Մխիթարյան, 11-րդ դասարան

Ղեկավար՝ Անահիտ Ամիրխանյան

Գրախոս՝ Նվարդ Սարգսյան

Հետազոտական աշխատանքը բաղկացած է ներածությունից, չորս գլուխներից՝ իրենց ենթագլուխներով, և եզրակացությունից։

Ներածության մեջ հեղինակը ներկայացնում է դարկվեբ հասկացությունը, ինչ է այն իրենից ներկայացնում։ Ներկայացնում է թեմայի ընտրության պատճառը, ազդեցության և հետազոտության ոլորտները, հատկապես անչափահասների շրջանում տեղեկատվության և տեղեկացվածության անհրաժեշտությունը։ Խոսվում է կիբերհանցագործությունների մասին՝ ներկայացնելով դրանց ուղղությունները, կանխարգելման անհրաժեշտությունը։

Առաջին գլուխը (Դարկվեբի զարգացումը), բաղկացած է երկու ենթագլուխներից՝ պատմական ակնարկից և տեխնոլոգական կառուցվածքից։ Առաջին ենթագլխում ներկայացված է դարկվեբ մուտք գործելու ձևերը (IP հասցեների շրջանցման-փակման, անոնիմ մնալու ֆունկցիաների կիրառմամբ), օգտատերերի անոնիմության պաշտպանվածությունը, նրա ոչ լեգալ աշխատանքը (բոլոր առումներով), ինչպես նաև՝ նրա լեգալ, վտանգ ու հանցագործություն չպարունակող աշխատանքները (քննարկումներ, չատեր, տեխնոլոգիաներ և այլն)։ Ենթագլխում ներկայացված է նաև վեբի ստեղծման պատմությունը։ Երկրորդ ենթագլխում՝ տեխնոլոգիական կառուցվածքում, հեղինակը ներկայացնում է դարկվեբի աշխատանքը զննարկիչների, հասցեների, անվանումների գործարկմամբ։ Ներկայացնում է ամենատարածված զննարկիչի աշխատանքը, վճարումների համակարգը, տեխեկատվության գաղտնիությունը, սերվեր-կայքի աշխատանքի առանձնահատկությունը։

Երկրորդ գլուխը (Դարկվեբը և օնլայն տիրույթը), բաղկացած է երկու ենթագլուխներից՝ անոնիմություն և գաղտնիություն և ազդեցության ուսումնասիրություն առցանց հաղորդակցության և սոցիալական փոխազդեցությունների վրա։ Առաջին գլխում հեղինակը ներկայացնում է Դարկվեբի հիմնարար սկզբունքների (անոնիմություն և գաղտնիություն) հիման վրա օգտատերեր ներգրավել-հրապուրելը, խոսքի ազատության չսահմանափակումը, վճարում կատարելու և գաղտնի մնալու մեխանիզմները։ Երկրորդ ենթագլխում խոսվում է օգտատերերի անոնիմության, ինտերնետ-գրաքննության, գաղտնություն թույլատրող և ապահովող կայքերի մասին։ Ինչպես նաև ներկայացվում է բացասական կողմերը՝ անօրինական վաճառքները, քրեական պատասխանատվության բացակայությունը, ամենաթողությունը, գողություններն ու խարդախությունները և այլն։

Երրորդ գլուխը, ևս, ունի երկու ենթագլուխներ։ Առաջին ենթագլխում հեղինակը ներկայացնում է Դարկվեբի գործունեությունը անօրինական ապրանքների և տարբեր ծառայությունների վաճառքի և գնման տեսակետից։ Խոսում հանցագործությունների բացահայտման դժվարությունից, պատմում հայտնի Silk Road (մետաքսի ճանապարհը) գործի մասին։ Երկրորդ ենթագլուխը, ըստ էության, առաջինի շարունակությունն է, կարծում եմ, կարիք չկար առանձնացնելու։

Չորրորդ գլխում հեղինակը ներկայացնում է իր իրականացրած հարցման վերլուծությունը, որի արդյունքները, ինձ համար, սպասելի էին, բայց ոչ ցանկալի։

Աշխատանքը հետաքրքիր էր, բովանդակալից։ Ինձ դուր եկավ, կարդացի և վերլուծեցի՝ հաճույքով։

Արժանի է բարձր գնահատանքի։